Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ ու խնձորի նման գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռները կարողանան այնտեղ թռչել:
Առաջադրանքներ
- Կարդա՛ հեքիաթը և նկարազարդի՛ր։
- Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց համար անսպասելի ածականներ ընտրիր:
- Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի՛ր «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
- Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
- «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրի՛ր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։
Ե
ր
կ
ի
ն
ք
- Ի՞նչ կլիներ, եթե․․․․․: Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։
Լրացուցիչ աշխատանք
- Նկարազարդի՛ր հեքիաթդ, ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:
Լրացուցիչ ընթերցանության նյութ